Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփը, ընդունելով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի գլխավորած պատվիրակությանը, հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանն այս անգամ «ճիշտ քայլ կատարելով՝ խաղաղության գործընթացի մաս կկազմի»:
«Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ բարեխիղճ և անկեղծ վերաբերմունքի դեպքում Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք նույն ըմբռնումով կարձագանքենք»,-ասել է նա, գրում է Ermenihaber-ը:
Շենթոփը հայտնել է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի տեսլականն է՝ ձևավորել կայունություն, ընդհանուր անվտանգություն և համագործակցության դաշտ, որը հիմնված կլինի տարածաշրջանի հանձնառության վրա: Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության հարթակ ձևավորելու առաջարկին:
Շենթոփը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերությունների թեմային, նշել է, որ այն իր մտերմությամբ ու անկեղծությամբ «աշխարհում եզակի է»:
Այնուհետև Շենթոփը, ընդգծելով Ադրբեջանին ցուցաբերված քաղաքական աջակցության աստիճանը, հիշեցրել է նոյեմբերի 27-ին Թուրքիայի խորհրդարանի չորս կուսակցությունների կողմից հրապարակված համատեղ հռչակագիրը, որը, ըստ նրա, պատասխան էր Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունմանը: Այդ հռչակագրով խստագույնս դատապարտվել էր Ֆրանսիայի Սենատի որոշումը:
Իսկ ինչ վերաբերում է վերջերս ԱՄՆ Սենատի 54 անդամի կողմից Բայդենին ուղարկված նամակին, որով պահանջվում է ճնշումներ գործադրել Թուրքիայի դեմ՝ արցախյան պատերազմում հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից գործադրված բռնությունը խրախուսելու համար, Շենթոփն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ 87 պատգամավոր ի պատասխան հիշյալ նամակին, գրավոր հայտարարություն են հրապարակել:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ավելի վաղ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ասել էր, որ չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով: «Ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար»,-ասել էր ԱԳՆ խոսնակը:






