AM
20 Փետրվար 2021 - 07:55 AMT

Արցախի ԱԺ․ Ժամն է վերակազմակերպվելու, վերարժևորելու յուրաքանչյուր քայլ

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները շնորհավորական ուղերձ են հղել համայն հայությանը արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարելիցի առիթով։

«Ժամն է վերակազմակերպվելու, վերարժևորելու մեր յուրաքանչյուր քայլ ու ցուցաբերելու մեր պահանջատիրությունը, պահն է մեր պատժիչ բռունցքը ցույց տալու բոլոր նրանց, ովքեր կցանկանան թերաժևորել մեզ և ոտնահարել մեր իրավունքները»,-ասվումէ ուղերձում:

Նշվում է, որ 1988թվականի փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 33 տարի առաջ փետրվարյան այս օրերին դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի ազգային մտորումների սևեռակետը:

«Արցախյան ազատագրական շարժումը իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը: Հայկական աշխարհում ամեն մի իրադարձություն վերջին 33 տարիների ընթացքում մեկնարկեց և իրագործվեց Արցախից ստացած գաղափարական ներուժով և լիցքով: Արցախը վերարժևորեց հայի արժանապատվությունը և ապրելու կամքն ու վճռականությունը: Հայն այլևս ցեղասպան չէր պատկերվում աշխարհին: Արցախյան ազատագրական պայքարը վերածնեց հային: Ավա՜ղ, Արցախի Հանրապետությունն այսօր վիրավոր է: Վիրավոր է յուրաքանչյուր հայի ոգի ու ինքնասիրություն:Հաղթանակի բերկրանքն արբեցրել էր մեզ, իսկ դարանակալ ոսոխին նախապատրաստել պատուհասելու մեր գլխին նոր արհավիրքներ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, նար, որ 2020-ի արյունոտ աշնան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր հայրենիքի 3 քառորդը և մի ողջ սերունդ, բայց հայի վերընձյուղվելու կամքն ու վճռականությունը երբեք թույլ չի տվել հուսահատվել: Փետրվարյան վերածննդի շունչը, որը սերմանեց պայքարի ոգի և մեր հայրենիքի, մեր պետականության համար թափված արյունն ու քրտինքը չպետք է թույլ տա մեզ ընկրկելու:

«Փետրվարյան խիզախությունը պետք է մեր ուղեկիցն ու ռահվիրան դառնա և մեզ փոխանցի այն ոգին, որով, անկասկած, վերակենդանանալու և կերտելու ենք մեր հաղթական ապագան»,-ասվում է ուղերձում:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։