ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի դեմ 3-րդ «ԿովիՎակ» պատվաստանյութը, որը Չումակովի անվան կենտրոնի մշակումն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա տեղեկացրել է, որ արդեն մարտի կեսին առաջին 120,000 դեղաչափy շրջանառության մեջ կդրվի։ Նա նշել է, որ ՌԴ-ն միակ երկիրն է աշխարհում, որն արդեն 3 պատվաստանյութ ունի Covid-19-ի դեմ։
Առաջիկայում մեկնարկելու է պատվաստանյութի արդյունաբերական կիրառումը։ Մինչև տարեվերջ նախատեսվում է 10 մլն դեղաչափ պատվաստանյութ թողարկել։
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում արդեն թողարկվել է «Սպուտնիկ V»-ի 10 մլն դեղաչափ և մոտ 80,000 դեղաչափ «ԷպիՎակԿորոնա»։ Ամբողջ երկրի տարածքում պատվաստման մոտ 4,000 կետ է բացվել։ «Հեռավոր վայրերում կազմակերպվել են շարժական կետեր»,-ասել է վարչապետը, գրում է «Կոմերսանտը»։
«ԿովիՎակն», ի տարբերություն մյուս գրանցված պատվաստանյութերի՝ «Սպուտնիկ V»-ի և «ԷպիՎակԿորոնայի», պարունակում է ամբողջական, բայց սպանված Sars-Cov-2 վիրուս, ոչ թե դրա մասնիկները։ Նմանատիպ պատվաստանյութ է մշակվել նաև Չինաստանում։