AM
25 February 2021 - 14:34 AMT

Moderna-ն պատվաստանյութ է մշակել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի դեմ

Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը մշակել է Covid-19-ի դեմ իր պատվաստանյութի թարմացված տարբերակը՝ հարավաֆրիկյան շտամի դեմ։

Պատվաստանյութն ուղարկվել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտ կլինիկական փորձարկման համար։

Թարմացված պատվաստանյութը «բուստերային» կլինի այն մարդկանց համար, որոնք արդեն պատվաստվել են, և առաջնային նրանց համար, ով չի հիվանդացել կորոնավիրուսով և չի պատվաստվել։

Բացի այդ, ընկերությունը հայտարարել է, որ ստուգում է ավելի ցածր դեղաչափի ազդեցությունն իմունիտետի վրա, իսկ մի շարք մասնակիցներ արդեն երրորդ դեղաչափն են ստացել, գրում է Interfax-ը։

Չի հստակեցվել, թե թարմացված պատվաստանյութը երբ հասանելի կլինի հանրությանը։

2020-ի ավարտին հայտնի դարձավ կորոնավիրուսի նոր շտամերի մասին, որոնք հայտնաբերվեցին Մեծ Բրիտանիայում, ՀԱՀ և Բրազիլիայում։ Հետագայում հայտնի դարձավ, որ հարավաֆրիկյան շտամը կարող է վարակել արդեն պատվաստված կամ կորոնավիրուսով արդեն հիվանդացած մարդկանց։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում որոշել են առայժմ դադարեցնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները, քանի որ հետազոտությունը ցույց է տվել դրա ցածր արդյունավետությունը հարավաֆրիկյան շտամի դեմ։