Հայաստանում ստեղծված իրավիճակը քննարկել են Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների։
44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան՝ փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ:






