Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայի հետ հանդիպմանը կրկին հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի բացման» կարևորության մասին։
«Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել, այն լուծված է, ավարտված։ Այսօր պետք է դեպի ապագան նայել և մտածել տարածաշրջանում գործակցության մասին։ Մասնավորապես, կարևորագույն հարցերից է տրանսպորտային նախագծերի իրականացումը, Զանգեզուրի միջանցքի բացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհասնենք դրան»,- ասել է Ալիևը։
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ։ Ի պատասխան ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի մասին հիշատակում չկա։
Նա նաև հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ Թուրքիայի բոլոր հասարակական կառույցները հսկայական աջակցություն են ցուցաբերել Բաքվին։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցությունն ադրբեջանական ժողովրդի մեծ երախտագիտության է արժանացել»,- ասել է Ալիևը։
«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը»,-ավելի վաղ ասել էր Նաղդալյանը։






