AM
11 Մարտ 2021 - 12:01 AMT

Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցի նոր հատված կկառուցվի

Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնում է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը, որտեղ հուղարկավորված են 44-օրյա պատերազմի զոհերը, տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։

«Քաղաքային իշխանությունների այս որոշումը պայմանավորված է մեր սուրբ նահատակների ընտանիքներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու նպատակով: Բացի այդ, յուրաքանչյուրիս պարտքն է փայփայել մեր տղաների անմար հիշատակը և նեցուկ կանգնել նրանց հարազատներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Շինարարությունն ընթանալու է փուլային տարբերակով, քննարկվելու ու հաշվի են առնվելու զոհվածների ընտանիքների նկատառումները տապանաքարերի, նկարների և այլ հարցերի վերաբերյալ:

2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ՝ ահաբեկիչ-վարձկանների ու Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ 44 օր տևած պատերազմում հայկական կողմը ՀՀ-ում ու Արցախում զիջումների է գնացել։