Չերնոգորիայի Բուդվե քաղաքում ավարտվել է մարտի 6-ին մեկնարկած շախմատի Եվրոպայի 10-րդ անհատական առաջնության 1-ին փուլը: Մեկնարկը չորս հայ շախմատիստների համար հաջող ստացվեց: Իրենց ելույթները հաղթանակով սկսեցին օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը եւ Զավեն Անդրեասյանը: Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը եւ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի, պարտություն կրեց միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը` զիջելով Իվան Սոկոլովին Հոլանդիայից:
Եվրոպայի առաջնության երկրորդ փուլում Վլադիմիր Հակոբյանը ուժերը կչափի խորվաթ գրոսմայստեր Իվան Շարիչի հետ: Մեկ այլ օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը կհանդիպի թուրք շախմատիստ Մուստաֆա Իլմազի հետ, որն առաջին փուլում ոչ ոքի խաղաց Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանի հետ:
Նշենք, որ այս տարի Եվրոպայի առաջնությանն են մասնակցում 310 շախմատիստներ, որոնցից ամենաբարձր վարկանիշն ունի հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը:
Մրցաշարը կազմված է 11 փուլերից եւ անցնում է շվեյցարական համակարգով: Մրցաշարի խաղարկային օրերն են մարտի 6-17-ը: Հանգստյան օրը մարտի 13-ին է: Եվրոպայի առաջնության փակման արարողությունը տեղի կունենա մարտի 18-ին: