AM
18 Մարտ 2021 - 08:19 AMT

ՄԻԵԴ-ը ծանուցել է Նախարարների կոմիտեին Ադրբեջանի հանդեպ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման մասին

Եվրոպական դատարանը մամուլի հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները չկատարվելու մասին Նախարարների կոմիտեին ծանուցելու վերաբերյալ, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (յոթ դատավորներից կազմված Պալատի կազմով) որոշել է.

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին ծանուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին զինված հակամարտության առնչությամբ 39-րդ կանոնի ներքո կիրառված հետևյալ միջանկյալ միջոցների վերաբերյալ.

երկու պետություններին հասցեագրված ընդհանուր միջոցներ պարունակող 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կայացված և նոյեմբերի 4-ին պարզաբանված որոշումը,

2020-ի հոկտեմբերի 13-ից 2021 թ․ մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան Սեկցիայի Նախագահի կողմից կայացված 78 որոշումները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 249 հայերի առնչությամբ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներին: Նշված դիմումները ներկայացվել են ՀՀ կառավարության կողմից «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 42521/20) միջպետական գանգատի շրջանակում և ենթադրաբար գերեվարված անձանց ազգականների կողմից՝ 62 անհատական դիմումներում:

Դատարանը Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ կառավարության տրամադրած տեղեկատվության վերոնշյալ անձանցից 58-ը վերադարձվել են 2020 թ․ դեկտեմբեր և 2021 թ․ փետրվար ամիսների ընթացքում, իսկ 7 անձինք գտնվել են մահացած (այնուամենայնիվ, 6 գործերով անհատ դիմումատուները պնդում են, որ իրենց ազգակցի մահվան փաստը հաստատող որևէ ապացույց չեն ստացել):

249 հայերից 72-ը դեռևս գտնվում են Ադրբեջանում, որոնց գերության և պահման փաստը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Ինչ վերաբերում է մյուս 112 անձանց, ապա Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ իրենք չեն կարողացել նույնականացնել այդ անձանց իրենց մոտ պահվող անձանց շրջանում:

Նշվում է, որ 39-րդ կանոնը կիրառվել է 249-ից 229 հայերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մյուս 20 անհատներին, ապա նրանց վերաբերյալ 39-րդ կանոնի կիրառման քննությունը կասեցվել է կամ որևէ որոշում չի կայացվել, քանի որ վերջիններս այդ ընթացքում վերադարձված էին:

Ադրբեջանի կառավարությունից պահանջվել է տրամադրել հստակ տեղեկատվություն վերոնշյալ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ նրանց պահման պայմանների, բժշկական զննության ենթարկելու, ինչպես նաև վերադարձնելու նպատակով արդեն իսկ ձեռնարկված, կամ նախաձեռնվող միջոցների վերաբերյալ:

«2021թ․ փետրվարի 19-ին Սեկցիայի Նախագահը վերացրել է 41 հայ անձանց, ներառյալ 40 վերադարձվածների և որոնողական աշխատանքների արդյունքում աճյունը գտնված 1 անձի վերաբերյալ կայացված միջանկյալ միջոցները: Այսպիսով, 39-րդ կանոնի ներքո կիրառված միջոցների որոշումները ուժի մեջ են մնում Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 188 անձանց վերաբերյալ:

Դատարանը որոշել է Նախարարների կոմիտեին ծանուցել իր կողմից կիրառված միջանկյալ միջոցների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է քննարկվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար Դատարանի սահմանած ժամկետները եւ տրամադրել է ավելի ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն:

Ամբողջական տեղեկատվության համար անհրաժեշտ է նկատել, որ 39-րդ կանոնի կիրառման դիմումներ Դատարանը ստացել է նաև Ադրբեջանի կառավարությունից՝ Հայաստանի կողմից ենթադրաբար գերեվարված 16 ադրբեջանցի անձանց վերաբերյալ: Նշված խմբից 12 անհատների գերի լինելու փաստը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից, և այդ անձնինք 2020-ի դեկտեմբերին վերադարձվել են։

Մնացյալ 4 անձանց գերեվարությունը չի հաստատվել Հայաստանի կառավարության կողմից: Հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից տրամադրված տեղեկատվւթյան ամբողջական բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել 39-րդ կանոնը այս դիմումներից որևէ մեկի պարագայում, փոխարենը՝ կասեցրել է 39-րդ կանոնի ներքո իր քննությունը»,-ասվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ։

Դատարանը պահպանում է 39-րդ կանոնի կիրառման վերաբերյալ ապագայում ներկայացվող դիմումների նկատմամբ իր իրավասությունը: Արդեն իսկ կիրառված միջոցները ուժի մեջ են մնում մինչև հակառակի վերաբերյալ որոշման կայացումը:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռ հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան, նրանց հստակ թվի մասին, սակայն, տվյալներ չկան։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ։