AM
20 Մարտ 2021 - 09:22 AMT

ԱՄՆ զեկույց․ Ղազանչեցոցի ռմբակոծումը պետք է հետաքննվի, մեղավորները՝ պատժվեն

44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու նպատակային ռմբակոծումը պետք է հետաքննվի, մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Կրոնական միջազգային ազատության հանձնաժողովի (USCIRF) 2020 թ․ Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցում, որը ներառել է նաև ԼՂ շուրջ ռազմական հակամարտության հետ կապված դրույթներ, գրում է «Ամերիկայի ձայնը»։

2020-ի սկզբին USCIRF առաքելությունն այցելել էր Ադրբեջան։

Ըստ զեկույցի՝ 2020-ի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների շուրջ վերսկսված ռազմական հակամարտության ընթացքում Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ռմբակոծման մեջ: Հրապարակված հաղորդագրությունների համաձայն, նշված է զեկույցում, եկեղեցին երկու անգամ ենթարկվել է հրթիռային ուղիղ հարվածների, որոնք զգալիորեն վնասել են եկեղեցու տանիքը և ներսը: Զեկույցը մեջբերում է Human Rights Watch-ի 2020թ․ դեկտեմբերի եզրակացությունը, ըստ որի, դա դիտավորյալ հարձակում էր, որը որակվում է որպես ռազմական հանցագործություն: Հանձնաժողովի զեկույցում ասվում է, որ այն պետք է հետաքննվի, իսկ մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Հանձնաժողովը նշել է նաև, որ Ադրբեջանը պնդում է, որ հայկական ուժերը ևս վնասել են կրոնական հուշարձաններ:

Զեկույցն ընդգծում է, որ նոյեմբերին ստորագրված զինադադարի մասին հայտարարությունը մտահոգություններ է առաջացրել Ադրբեջանին անցած տարածքներում տարբեր եկեղեցիների, վանքերի, տապանաքարերի և այլ կրոնական ու մշակութային վայրերի պաշտպանության վերաբերյալ: Ըստ զեկույցի, նախագահ Ալիևը հավաստիացումներ է տվել ՌԴ նախագահ Պուտինին, որ քրիստոնեական վանքերը այդ տարածքներում կպահպանվեն, սակայն, պատմական որոշ վայրեր, ինչպիսիք են Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտի գերեզմանոցը, ենթարկվել է վանդալիզմի:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ նոյեմբերի վերջին ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կառույցը ևս կոչ է արել պահպանել պատմամշակութային կոթողներն այս տարածքներում և առաջարկել առաքելություն ուղարկել այնտեղ՝ պատմամշակութային ժառանգության կոթողների գույքագրում իրականացնելու համար:

USCIRF-ն առաջարկում է ԱՄՆ պետքարտուղարությանը ներառել Ադրբեջանը պետքարտուղարության հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատությունների ոտնահարման պատճառով, ինչպես նաև համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ`«Կրոնական ազատությունների մասին» 2009թ․ օրենքը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:

Հանձնաժողովը նաև առաջարկում է ԱՄՆ Կոնգրեսին անցկացնել հանրային լսումներ՝ Ադրբեջանում կրոնական ազատության իրավունքի և մարդու այլ իրավունքների խախտումների շուրջ:

Ադրբեջանը սպառնացել է ջնջել հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 17-ին այցելել է Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։

Ընթերցեք նաև․ Morning Star․ Ալիևը պահանջում է ջնջել հայկական հետքը ԼՂ օկուպացրած տարածքում