«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբին։
Հագուստը բաժանվելու է շտաբի` Արշակունյաց 73/2 հասցեում գտնվող պահեստից։
«Բաշխումը սկսվելու է մարտի 29-ից՝ ամեն օր, ժամը 10:00-ից մինչև 15:00-ն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միջոցառումից կարող են օգտվել միայն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ Հադրութ, Շահումյան, Քաշաթաղ, Շուշի և Մարտունի, Մարտակերտ, Ասկերան շրջանների բռնազավթված տարածքների՝ այս պահին ՀՀ-ում գտնվող տեղահանված քաղաքացիները։
Շահառուներն անձնագրով (բերել նաև անձնագրի պատճենը) պետք է մոտենան իրենց շրջանի պատասխանատուին, որոնք էլ ուղղորդելու են հագուստի ընտրության հարցում՝ ըստ ընտանիքի կազմի։
Շտաբից հայտնում են, որ Ասկերանի և Մարտունու շրջանի բնակիչները պետք է մոտենան Շուշիի շրջանի պատասխանատուին, իսկ Մարտակերտի շրջանի բնակիչները՝ Շահումյանի։ Աջակցությունը տրամադրվելու է բացառապես տեղահանված (փաստացի և ոչ փաստացի) բնակիչներին։ Ցուցակները առկա են շրջանների պատասխանատուների մոտ։
Շտաբը խնդրում է, որ նրանք, ովքեր արդեն օգտվել են Հայաստանի տարբեր վայրերում հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունից, երկրորդ անգամ չներկայանան։






