ԱՄՆ ՌԾՈւ-ն մտադիր է մասնագետների գործուղել Սուեզի ջրանցք, որպեսզի նրանք օգնեն հանել այն արգելափակած Ever Given բեռնանավը։ Այդ մասին հայտնել է CNN-ը՝ ԱՄՆ ՊՆ վրա հղումով։
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նույնպես հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Եգիպտոսի իշխանություններին և օգնություն առաջարկել։
Եգիպտոսի կառավարությունն ընդունել է օգնության առաջարկը, որը փոխանցվել է Կահիրեում ԱՄՆ դեսպանության միջոցով, գրում է Interfax-ը։
Մարտի 26-ին նավի տեխնիկական օպերատոր Bernhard Schulte Shipmanagement-ը (BSM) տեղեկացրել է, որ ձեռնարկվել է Ever Given-ը ծանծաղուտից հանելու հերթական փորձը, սակայն այն արդյունք չի տվել։
Smit Salvage ընկերության փորձագետների թիմը, որն աշխատում է բեռնանավի վրա, հայտնել է, որ մարտի 28-ին ևս երկու լրացուցիչ քարշակ կմոտենա, որոնք կմասնակցեն նավը ծանծաղուտից հանելուն։
Պանամայի դրոշի տակ նավարկող Ever Given բեռնանավը արգելափակել է Սուեզի ջրանցքը մարտի 23-ին՝ մտնելով Կարմիր ծովի կողմից։ Նավի վրա ավելի քան 20,000 ծանրաքաշ կոնտեյներ կա։ Նավը Չինաստանից Ռոտերդամ էր մեկնում։
Հյուսիսային ուղղությամբ ընթանալիս նավի վրա ամբողջությամբ անջատվել է էլեկտրականությունը, մեկ այլ տվյալներով՝ պատճառը ուժգին քամին էր և հզոր ավազահողմը։