ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովհ, անդրադառնալով ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների դեմ Թբիլիսիում բողոքի ակցիային, հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիների համար Վրաստան այցելելը վտանգավոր է։
Պոզները Թբիլիսի էր մեկնել` ծննդյան օրը նշելու, սակայն, ցուցարարները շրջապատել են հյուրանոցը և հավկիթներ նետել շենքի վրա՝ պահանջելով, որ նա հեռանա քաղաքից։ Պոզների այցը նրանք անընդունելի են համարում, քանի որ նա, իրենց կարծիքով, չի ընդունում Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Պոզներն ավելի վաղ հայտարարել էր, որ Աբխազիան երբեք չի լինի Վրաստանի կազմում։ Պոզները հեռացել է Վրաստանից և արդեն ՌԴ-ում է։
«Վրաստանում վտանգավոր է ՌԴ քաղաքացիների համար։ Այնտեղ մեկնելն ուղղակի վտանգավոր է և ռուսաստանցիները դա պետք է հստակ հասկանան»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Կրեմլի ներկայացուցիչը նաև դատապարտել է ակցիայի կազմակերպիչներին և մասնակցիներին, որոնց նա անվանել է ծայրահեղական ազգայնականներ։ Նա նշել է, որ Մոսկվան դա չի համարում զուտ հաղորդավարի դեմ ուղղված ակցիա։
«Խոսքը ՌԴ քաղաքացիների մասին է, որոնք այնտեղ էին։ Չէ որ միայն Պոզները չէր այնտեղ»,-ասել է նա։
Պեսկովը դրական է գնահատել Վրաստանի վարչապետի դիրքորոշումը, որը դատապարտել է ցուցարարների գործողությունները։