Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջան այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՀ իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում:
Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային՝ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքը 44-օրյա պատերազմի արդյունքում սահմանակից է դարձել ադրբեջանական ուժերին։ Ավելի վաղ Հարությունյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկացել է վերցնել Կարմիր Շուկան։ «Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի Բազարը, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է», – ասել է Հարությունյանը տեղի բնակիչների հետ հանդիպմանը մարտի 7-ին։
Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման և տնտեսության զարգացման հարցերին:
Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:






