AM
1 Ապրիլ 2021 - 14:15 AMT

Սլովակիայի Ազգային խորհուրդը ԼՂ մասով բանաձևով կոչ է արել ապահովել գերիների անհապաղ ազատումը

Սլովակիայի Ազգային խորհուրդը 120 կողմ ձայնով բանաձև է ընդունել «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»՝ կառավարությանը և ԵՄ-ին կոչ անելով ապահովել գերիների անհապաղ ազատ արձակումը։

Բանաձևն ընդունվել է ապրիլի 1-ին Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից։ Նախագիծը ներկայացրել էր Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերին։

Բանաձևում խստորեն դատապարտվում են խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ։

Շեշտվում է, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորապես մտահոգություն է հայտնվում, որ ռազմագերիները և բռնի պահվող այլ անձինք` ներառյալ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Բանաձևով կոչ է արվում Սլովակիայի կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին՝ ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ առանց սահմանափակումների:

Սա Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծած վերջին 44-օրյա պատերազմի վերաբերյալ երկրորդ բանաձևն է, որն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհուրդը։ Առաջին՝ «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» բանաձևը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունվել է 2020թ․ հոկտեմբերի 22-ին։