Միջազգային հանրության կողմից 2016-ի ապրիլին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները չդատապարտելը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, դրա կիզակետը դարձավ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը, հայտարարել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից։
2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություններ էր սկսել, դրանք տևեցին 4 օր։
Արցախի ԱԳՆ-ից հիշեցնում են, որ 2016-ին ևս ադրբեջնական կողմը թիրախավորում էր ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը, իսկ ռազմական գործողություններն ուղեկցվել են պատերազմական և մարդկության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ։
«Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին»,-հայտարարել են Արցախի ԱԳՆ-ից։






