ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հսկայական գովազդային վահանակներ (բիլբորդներ) են տեղադրվել ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչով։ Բիլբորդները տեղադրվել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Փենսիլվանիայի բաժանմունքի նախաձեռնությամբ։
«Պարոն Բայդեն, պատվով, արժանապատվությամբ և խիզախորեն ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»,- գրված է վահանակներին:
Բիլբորդները տեղադրվել են Բաքս և Մոնտգոմերի շրջաններում։
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ամերիկահայերը քայլեր են ձեռնարկում ցեղասպանության մասին իրազեկվածությունն բարձրացնելու ուղղությամբ և կոչ են անում ԱՄՆ նախագահի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի իր ելույթում:






