Արցախի պետական ծառայության սակրավորական ջոկատներն ապրիլի 5-ին ռուս գործընկերների և The HALO Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորների հետ զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հետախուզական աշխատանքներ են սկսել Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից բնակավայրերում:
«Որպես կանոն, հայտնաբերված ռազմամթերքն ըստ անհրաժեշտության կվնասազերծվի տեղում, կամ կտեղափոխվի անվտանգ վայր»,-նշվում է հաղորդագրության մեջ. տեղեկատու հեռախոսահամարներն են՝ 911, 101,112 կամ 047 94 09 11։
Ավելի վաղ բրիտանական կազմակերպությունը հերքել էր լուրերը, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել: Կազմակերպության կողմից Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզները թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին հայտնել էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Նրա խոսքով՝ քարտեզների փոխանցման պատճառով պատերազմի ընթացքում հակառակորդը կարողացել է բարեհաջող անցնել ականապատված տարածքներով։ Ավագյանն ավելի վաղ նշել էր նաև, որ իրենց ստացած տեղեկությունները ենթակա են ստուգման, և միայն դրանից հետո որոշում կկայացվի։






