«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի Կարմիր շուկա բնակավայրում 100 տուն կառուցելու հովանավորություն է ստանձնել, որոնց հողային աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին:
Այս մասին հայտարարվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հանդիպումից հետո։
«Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող շինարարության ընթացքն ու նոր սկսվելիք ծրագրերը: Կառույցի փոխտնօրենը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում են Ասկերանի շրջանում մի քանի նոր բնակավայրեր»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ լրացվել է այն համայնքների շարքը, որոնք առաջիկայում մայրուղիներին կապող ասֆալտապատ ճանապարհներ կունենան։






