AM
15 Ապրիլ 2021 - 06:45 AMT

ԳՇ պետը մասնակցել է ՀԱՊԿ կոմիտեի նիստին․ Հստակեցվել են ռազմական բաղադրիչի կատարելագործման քայլերը

Ապրիլի 14-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին՝ նվիրված ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացմանը։

Կոմիտեի նիստում հստակեցվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կատարելագործմանն ուղղված հետագա քայլերը:

Նիստի ընթացքում քննարկվել են արևելաեվրոպական, կովկասյան և կենտրոնասիական տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները։ Հաստատվել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի միասնական տեսլականն այդ սպառնալիքների չեզոքացման հարցում։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը տեղեկացրել է, որ «Մարտական եղբայրություն 2021» օպերատիվ-մարտավարական զորավարժության շրջանակում նախատեսված է անցկացնել 4 համատեղ զորավարժություն, որոնք կընդգրկեն հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանը:

Ամփոփելով նիստի արդյունքները, ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հույս է հայտնել, որ Ռազմական կոմիտեի նիստում կայացված որոշումները կնպաստեն ՀԱՊԿ անդամ պետություններում կայունության հաստատմանն ու պահպանմանը։

ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Մոսկվայում ընդունելով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է Անդրկովկասում։

Նա հավելել է, որ երկրներն ամրապնդում են գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափով միջազգային կառույցներում, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակում։