Ապրիլի 14-ին Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին՝ իր հսկողությանն անցած Կուբաթլուի շրջանում։ Բացված սահմանապահ զորամասում սկսվել է մարտական ծառայությունը, տեղեկացնում է Moscow-Baku.ru-ն։
Բացման արարողությանը մասնակցող Ադրբեջանի ԶՈւ Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իլհամ Մեհտիևն ասել է, որ ինտենսիվ աշխատանք է տարվում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անացած տարածքում անհրաժեշտ պաշտպանական ենթակառուցվածքների ստեղծման և սահմանային պաշտպանության կազմակերպման համար։
Արարողության մասնակիցները ծանոթացել են նոր զորամասի պայմաններին, որը ներառում է վարչական շենք և ուսումնական կենտրոն, աշխատանքային տարածքներ անձնակազմի համար, զորանոցներ և ճաշարան, դասասենյակներ, պահեստ, սպառազինության և տեխնիկական միջոցներ, ավտոմոբիլային տեխնիկա։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ 2021 թվականին երկրի ռազմական բյուջեն կավելանա։






