Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է կասեցնել ԱՄՆ հետ գործակցությունը պաշտպանական և տնտեսության ոլորտում՝ այդ երկրի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով։ Այդ մասին հայտնել է Bloomberg-ն իր աղբյուրների վրա հղումով։
Ըստ գործակալության, Էրդողանը մտադիր է կառավարության նիստ գումարել և ԱՄՆ-ին պատասխան քայլերի մասին հայտարարել։ Այդ քայլերի թվում է նաև պաշտպանական և տնտեսության ոլորտում երկկողմ համաձայնագրի կասեցումը, որի առկայությունը ժամանակին թույլ տվեց Անկարային համատեղ աշխատել Վաշինգտոնի հետ Սիրիայում և Լիբիայում հակամարտությունների ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ այդ համաձայնագրի, Անկարան և Վաշինգտոնը հետախուզական տվյալներ են փոխանակում, համատեղ զորավարժություններ են անցկացնում, ինչպես նաև ապահովվում է Թուրքիայի ավիաբազաների տրամադրումն ԱՄՆ ուժերին։ Բացի այդ, ըստ փաստաթղթի՝ ենթադրվում է ֆինանսական և տնտեսական աջակցություն թուրքերին, այդ թվում ռազմարդյունաբերության արդիականացման գործում։
Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունը չպետք է ազդի Թուրքիայի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների վրա։ Այդ մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք որևէ փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է։ Մենք չենք կարծում, որ Բայդենի ապրիլի 24-ի հայտարարությունը կանդրադառնա այդ հարաբերությունների վրա»,-ասել է Քիրբին՝ հույս հայտնելով, որ թուրք-ամերիկյան կապերը ռազմական ոլորտում միայն կամրանան։
Ապրիլի 24-ին Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից։
Ընթերցեք նաև․ ԱՄՆ դեսպան․ Ցեղասպանության կոնվենցիան ընդունվել է 1951-ին և հետադարձ ուժով չի կիրառվում






