Եվրամիությունը հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության» հետևանքով գերեվարվածների վերաբերյալ՝ կոչ անելով ապահովել «մնացյալ ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից»։
Եվրամիությունը, որին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ծանուցել է իր կիրառած միջանկյալ միջոցների մասին, շեշտել է, որ Մարդու իրավունքների կոնվենցիային միացած երկրները պարտավոր են ենթարկվել միջանկյալ միջոցների վերաբերյալ ՄԻԵԴ պահանջներին, և կոչ է արել Ադրբեջանին ներկայացնել Դատարանի պահանջած տեղեկատվությունն ամբողջությամբ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ապրիլի 28-ին Նախարարների կոմիտեի ընդունած հայտարարությունում Եվրոպական միությունը ողջունել է 2020-ի նոյեմբերի 10-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո «տեղում հրադադարի ամրապնդումը և որոշ դրական արդյունքներ, որոնք ձեռք են բերվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են աճյունների հայրենադարձումը և հակամարտության հետևանքով խստորեն տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը»։
Այնուհանդերձ, Եվրամիությունը վերահաստատում է, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը երկու երկրի միջև վստահություն կառուցելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար։
«Դա ներառում է թշնամական և վիրավորական հռետորությունից զերծ մնալը, մնացյալ ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձը՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից, նաև այլ կարևոր հարցերում համագործակցությունը, ինչպիսին է ականազերծումը»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերիներին։
«Կոմիտեն վերստին նշում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ՝ կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել պահվող բոլոր հայ գերիների առանց հետաձգման ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը»,-ասվում է հայտարարության մեջ:






