AM
4 Մայիս 2021 - 15:25 AMT

Արցախի ԱԳ նախարարը քիչ հավանական է համարում նոր պատերազմը՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունը

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը շարունակելու է օրակարգային մնալ։ Այդ մասին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Բաբայանը քիչ հավանական է համարել նոր պատերազմը՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում։

«Այս իրավիճակում ցանկացած հարձակում լինելու է հարձակում Ռուսաստանի դեմ»,- ասել է արտգործնախարարը՝ ընդգծելով նաև Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտությունը, գրում է Արմենպրեսը։

Խոսելով Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել է. «Պետք է Սփյուռքում և Հայաստանում շարունակեն Արցախն ընկալել որպես սրբություն: Պետք է բարձր պահենք մեր ազգային դիմադրողականությունը, ուժեղ պահենք մեր արժեհամակարգը: Ցանկացած բարդություն նաև հնարավորություններ է ստեղծում: Պետք է կարողանալ այդ հնարավորությունները ճիշտ օգտագործել», տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։

ԱԳ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով երկրի առջև ծառացած ոլորտային խնդիրները, աշխարհաքաղաքական զարգացումները, մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ուղիները:

Պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների հաղթահարման և վերականգնման համատեքստում Բաբայանը կարևորել է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը:

«Մեր պատմության մեջ բացվել է դառը, մղձավանջային մի էջ: Բայց մենք չպիտի վհատվենք ու հուսահատվենք: Մենք կարող ենք ապաքինվել, պետք է կազմակերպվենք, յուրաքանչյուրիս ճիշտ աշխատանքով վերականգնվենք»,- նշել է նա։

Բաբայանը կարևորել է երիտասարդության ներուժն ազգային իղձերի իրականացման գործում:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, արձագանքելով Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի թվիթերյան գրառմանը, ըստ որի ամռանը «Ստեփանակերտն անցնելու է Բաքվի հսկողությանը», հայտարարել էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել։