Արցախի Մարտունի քաղաքում մայիսի 9-ին պաշտոնապես վերաբացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծված «Ավագյան արենա» մարզադաշտը:
Դրա վերաբացումը նշանավորվել է ֆուտբոլի վետերանների Մարտունու և Ճարտարի թիմերի ընկերական խաղով, որը նվիրված էր հայ ժողովրդի հաղթանակներին և այդ հաղթանակները կերտած հերոսներին, գրում է «Արցախպրեսը»։
Պատերազմի հետևանքով վնասված Մարտունու մարզադաշտի վերականգնմանն աջակցել են «Երազանք» հիմնադրամի համահիմնադիրները: Այս մասին տեղեկացրել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:
«Աշխատանքներն իրականացվել են մարզադաշտի աշխատակիցների ուժերով և «Վարանդաշին» շինարարական կազմակերպության աջակցությամբ: Մարզադաշտի վերաբացմամբ ուզում ենք ասել, որ հրետակոծելով մեզ հաղթել չի լինի:Մենք ապրել ենք և ապրելու ենք մեր հողում»,-ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը:
Արցախում սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը նպատակաուղղված թիրխավորում էր նաև քաղաքացիական բնակչությանը՝ այդ թվում՝ դպրոցներ, հիվանդնաոցներ ու այլ հաստատություններ։ Քաղաքացիական բնակավայրերը գնդակոծվում էին, հրետակոծվում ու ԱԹՍ-ների հարվածների տակ հայտնվում։






