Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն անհապաղ պետք է դուրս բերի զորքը ՀՀ տարածքից և որ իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։ Այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ Ֆրանսիան հավատարիմ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել ադրբեջանական զոքերը ՀՀ տարածքից դուրս բերելու անհրաժշետությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ֆրանսիան հուսով է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։
Մակրնոը նաև հայերեն գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,-ասվում է գրառման մեջ:
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։






