ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով ադրբեջանական զինուժի առաջխաղացմանը ՀՀ Սյունիքի տարածքում Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է «լարվածությանը ՀՀ-Ադրբեջան սահմանի չսահմանազատված հատվածում»։
«Ուշադիր հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի չսահմանազատված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է և զսպվածության և իրավիճակը խաղաղ լիցքաթափելու կոչ ենք անում»,- ասվում է գրառման մեջ։
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն հայտարարել է, որ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ դիմելու համար։






