AM
14 Մայիս 2021 - 09:01 AMT

ԱԽ քարտուղար․ Ձյան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Առաջին ալիքի եթերում անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են ադրբեջանցիներն առանց դիմադրության 3․5 կմ խորացել ՀՀ տարածք, ասել է, թե չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել:

Նա ասել է, որ եռակողմ հայտարարությունից հետո սահմանը երկարել է, նաև ձմռան պատճառով չեն հասցրել կահավորել ամբողջ սահմանը։

«Այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց ժամանակի ընթացքում այս հարցերը կկարգավորվեն։ 1994-ին էլ ամբողջ սահմանը միանգամից կահավորված չի եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, սա էլ ժամանակ կպահանջի»,-ասել է նա։

ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ի օգնությամբ Սյունիքում առաջացած սահմանային խնդիրները կլուծվեն։ Ըստ նրա, սա էլ կարող է ժամանակ պահանջել, կարող է որոշ ձգձգումներ լինեն։

«Ընդհանուր առմամբ, ժամանակի ընթացքում ամբողջ խնդիրը կկարգավորվի»,- ասել է նա։

Գրիգորյանը խոսել է նաև մայիսի 16-ին Ադրբեջանում մեկնարկող զորավարժությունների և Ալիևի՝ ռազմական ուժով միջանցք բացելու պարբերաբար հնչող հայտարարությունների մասին։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն հայտարարել է, որ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ դիմելու համար։