AM
14 Մայիս 2021 - 11:31 AMT

Պեսկով․ Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում Ադրբեջանի և ՀՀ սահմանին իրավիճակի կապակցությամբ Մոսկվայի կողմից օգնության թեմա չի քննարկել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, օգնություն Փաշինյանը չի խնդրել։ Անշուշտ, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին իրավիճակի առումով։ Այդ մտահոգությունը կիսել է նաև Պուտինը։

Եվ նախագահ Պուտինը հատուկ շեշտել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Առաջին հերթին այն դրույթի, որտեղ ասվում է կրակի դադարեցման անհրաժեշտության մասին»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ռազմական ընդլայնման հարցը:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն հայտարարել է, որ դիմում է ՀԱՊԿ-ին։