AM
14 Մայիս 2021 - 11:50 AMT

Ադրբեջանն իր հսկողության տակ անցած տարածքում 20 զորամաս է բացել

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո իր հսկողության տակ անցած տարածքներում 20 զորամաս է շահագործման հանձնել` մոդուլային և կոնտեյներային։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված զորամասեր։ Այցի ընթացքում նրան զեկուցվել է, որ նոր բացված զորամասերից 9-ը մոդուլային տիպի զորամաս է, իսկ 11-ը՝ կոնտեյներային», – ասվում է հաղորդագրության մեջ:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Առաջին ալիքի եթերում անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են ադրբեջանցիներն առանց դիմադրության 3․5 կմ խորացել ՀՀ տարածք, ասել է, թե չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել:Նա ասել է, որ եռակողմ հայտարարությունից հետո սահմանը երկարել է, նաև ձմռան պատճառով չեն հասցրել կահավորել ամբողջ սահմանը։