Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «անեծքին», հայտարարել է, որ փրփրած վիճակում հնարավոր չէ հանգուցալուծել հակամարտությունը Մերձավոր Արևելքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Անկարայում, անիծել է Ավստրիայի կառավարությանը, որի որոշմամբ Վիեննայում որոշ կառավարական շենքերին բարձրացվել են Իսրայելի դրոշները։
Նա հավելել է, որ Թուրքիան պետք է իր ջանքերը գործադրի իրավիճակը լիցքաթափելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Էրդողանի այդ անհեթեթ հայտարարություններից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ և նրան պարզ մատուցվել է Ավստրիայի դիրքորոշումը»,- ասել է նա։
Ըստ Շալենբերգի՝ նման արտահայտություններով թուրք քաղաքական գործիչները մեկ անգամ ևս ցույց են տալիս «իրավունքի իրենց սարսափելի ընկալումը»։
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Իսրայելի դրոշը բարձրացվել է որպես համերաշխության նշան, քանի որ «ահաբեկչական գրոհները» հրեական պետության դեմ «արժանի են ամենավճռական քննադատության»։ Կանցլերի աշխատակազմի օրինակին հետևել է նաև այդ երկրի ԱԳՆ-ն։
Իսրայելի և Գազայի հատվածի ռազմական առճակատումը սկսվել է Արևելյյան Երուսաղեմում պաղեստինցիների և ոստիկանների միջև լայնածավալ բախումներից հետո՝ Տաճարի լեռան մոտ և Շեյխ Ջարրահ թաղամասում, որտեղ Իսրայելի դատարանի որոշմամբ մի քանի արաբ ընտանիք պետք է արտաբնակեցվեր։