Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ, որտեղ նշվում է, որ որպես երկարաժամկետ լուծում ԱԳՆ-ն տեսնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ։
«Շարունակում ենք ուշադիր հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին լարվածության նվազեցման հարցում՝ բարձրագույն և բարձր մակարդակի մշտական շփումների շրջանակում: Օպերատիվ կապ է պահվում մեր երկրների ռազմական ու սահմանապահ ծառայությունների միջև»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Շեշտվում է նաև հրադադարի ռեժիմի խստագույն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 10-ի ու 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների մյուս դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:
«Նման միջադեպերը հարկավոր է հարթել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում ենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը», – ասվում է հայտարարության մեջ։
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։






