AM
19 Մայիս 2021 - 08:33 AMT

Ռուս խաղաղապահ․ Ամենասուրը մնում է անհետ կորածների խնդիրը

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոն ընդհանուր առմամբ աջակցության համար դիմել է 3600 մարդ, այդ թվում 800-ը՝ «թեժ գծին»:

«Մինչ օրս ամենասուրը շարունակում է մնալ անհետ կորածների խնդիրը, գույքի վերադարձն ու փախստականների հարցերը»,- ասել է Քաղաքացիների ընդունելության կետի հերթապահ սպա Դմիտրի Սերովը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նա հավելել է, որ դիմում են նաև այլ հարցերով։

Հերթապահ սպաները, որոնք իրականացնում են ընդունելությունն անձամբ կամ հեռախոսով, անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետ կորչելու ենթադրյալ շրջանը, գրանցում են նրանց կոնտակտային տվյալները։ Բոլոր դիմումները գրանցվում են տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։

Անհետ կորածների որոնումները հետագայում իրականացվում են ռուս խաղաղապահների, Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի մասնակցությամբ։