AM
29 Մայիս 2021 - 10:43 AMT

Կանադան հորդորում է բոլոր հարցերը լուծել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

Կանադայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին 6 հայ զինծառայողի գերեվարման կապակցությամբ և հորդորել բոլոր հարցերը լուծել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ Այդ մասին ասվում է Կանադայի ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում։

«Կանադան մտահոգված է ադրբեջանական բանակի կողմից 6 հայ զինծառայողի գերեվարմամբ և պահպանվող լարվածությամբ հայ-ադրբեջանական սահմանին։ Մենք հորդորում ենք բոլոր հարցերը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է գրառման մեջ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։