Պաշտոնական Բաքուն աջակցում է միջազգային հանրության կոչերին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության խաղաղ կարգավորման և սահմանազատման և սահմանագծման իրականացման վերաբերյալ, սակայն «տարածքային ամբողջականության պահպանմամբ»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ աջակցում ենք սահմանների լարվածության կարգավորմանը բանակցությունների միջոցով, ինչպես նաև աջակցում ենք միջազգային հանրության կոչերին՝ երկու երկրի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նաև հավանություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին», – ասվում է հայտարարության մեջ, գրում է Interfax.az-ը։
Նա նշել է, որ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ժամանակ անհրաժեշտ է հարգել երկու երկրի տարածքային ամբողջականությունը:
«Միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության միջազգային իրավունքի խիստ պահպանման հիման վրա մենք կարող ենք կարգավորել միջպետական հարաբերությունները, սկսել սահմանազատումն ու սահմանագծումը, և, վերջապես, ամուր հիմք դնել խաղաղ գոյակցության համար», – ասել է նա։
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։






