AM
3 Հունիս 2021 - 10:28 AMT

Գերության մեջ գտնվող լիբանանահայը Բաքվի հիվանդանոց է տեղափոխվել

Լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին, որին ադրբեջանցիները հրադադարից հետո գերի էին վերցրել Շուշի մեկնելիս՝ Բերձորում, Բաքվում տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին նա հայտնել է իր դստերն ու մորը Կարմիր խաչի միջնորդությամբ տեղի ունեցած հեռախոսազանգի միջոցով։

Նա ասել է, որ հիվանդանոց է տեղափոխվել թիկունքի շրջանում սուր ցավերի պատճառով, տեղեկացնում է «Ասպարեզը»։

Հարազատների հետ զրույցում նա հույս է հայտնել, որ շուտով ազատ կարձակվի։

Էուլջեկչյանը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նրանք Գորիսից մեկնել էին Շուշի իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարտի 10-ին Նաջարյանն ազատ էր արձակվել Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության ջանքերով։ Մարտի 2-ին ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել էր խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կնոջը հայրենիք վերադարձնելու հարցում։