AM
5 Հունիս 2021 - 08:53 AMT

Կաթողիկոսն այցելել է Ամարաս. «Ծանր փորձությունը չի կարող հուսալքել»

Հովվապետական այցով Արցախում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր դասի ուղեկցությամբ այցելել է Ամարասի վանք, որտեղ նրան դիմավորել են մոտակա համայնքների բնակիչներ և զինծառայողներ։

Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի ժողովրդի համար։

Սբ Գրիգորիսի եկեղեցում «Հրաշափառի» արարողությունից հետո Գարեգին Բ-ի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Միասնական աղոթք է կատարվել։

Վերջում Նորին սրբությունն իր օրհնությունն ու պատգամն է բերել ներկա ժողովրդին։

«․․․Ծանր փորձությունը, որի միջով անցանք և հիմնախնդիրները, որոնք մեր առջև են, չեն կարող մատնել մեզ հուսալքության, այլ ընդհակառակը՝ պիտի առավել համախմբեն ու ամրացնեն մեզ, առավել պիտի իմաստացնեն մեզ՝ դասեր քաղելու սխալներից և սթափ գնահատելու իրավիճակները։․․․

Աննվազ է մեր ժողովրդի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունն Արցախին և ջանքեր ներդնելու՝ ի խնդիր այստեղ ապրող Մեր զավակներիդ իրավունքների պաշտպանության», – ընդգծել է Հայրապետը՝ կարևորելով ազգի ուժերի համախմբումը Արցախում ծանր պատերազմի հետևանքով ավերակված տների, դպրոցների, հիվանդանոցների վերականգնման, սրբատեղիների պահպանության գործում։

Կաթողիկոսը պատգամել է արցախցիներին և համայն հայ ժողովրդին նպաստելու Արցախի, մեր ժողովրդի կյանքի վերազարթոնքին և իր հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքների պաշտպանությանը։

Իր օրհնությունը ժողովրդին բաշխելուց հետո Կաթողիկոսն իր խոնարհումն է բերել Սբ Գրիգորիս Հայրապետի շիրիմին, ապա ծանոթացել Ամարասի վանքի հիմնանորոգման աշխատանքներին։

Այնուհետև հայրապետական պատվիրակությունն ուղղվել է դեպի Մաճկալաշեն համայնք, ուր Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում է ունեցել համայնքի զոհված հայորդիների ընտանիքների հետ՝ բերելով իր մխիթարությունն ու օրհնությունը։