Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողին:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն արդեն տեսակցել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին, ծանոթացել պահման պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն ընձեռել կապ հաստատելու ընտանիքների հետ»,- ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնապես հաստատված գերեվարված մյուս անձանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են մայիսի վերջին։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել էին ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։






