Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր, լքված և անմխիթար վիճակում է։ Վանքի տարածքը մի կողմից գանձախույզների թիրախում է, իսկ մյուս կողմից ամռանն անասունների համար ժամանակավոր գոմի է վերածվում:
Գանձախույզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված համալիրը վերականգնման ու խնամքի կարիք ունի, գրում է Ermenihaber-ը։
Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։
Չնայած թուրքական իշխանություններին ուղղված բազմաթիվ կոչերին, վանական համալիրը բարեկարգելու և պահպանելու համար դեռևս ոչ մի միջոցներ չեն ձեռնարկվել:
Վանի Գևաշի (Ոստան) շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից կազմում է 80մ, Վան քաղաքից՝ 75կմ, իսկ Գևաշի շրջանից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և ցամաքով, և նավերով։






