Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հունիսի 23-ին մեկնարկել է 44-օրյա պատերազմի մասնակից ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի դեմ հարուցված քրգործով դատավարությունը։
Դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ ընթացող նիստում ճշտվել են մեղադրյալի տվյալները, դատավորը ներկայացրել է նրա իրավունքները, գրում է «Sputnik Ադրբեջանը»։
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 30-ին։
Դուբակովին մեղադրում են Ադրբեջանի ՔՕ «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում» 214-3.1 հովածով, «անդամակցություն կամ մասնակցություն հանցավոր խմբավորմանը» 218.2 հոդվածով, Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում 318.2 հոդվածով։
Հունիսի 23-ին Բաքվում նաև տեղի կունենա հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստը։
Բաքուն արդեն 20 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին։ Նրան մեղադրում են «ահաբեկչական գործողությունների» մեջ, սակայն նա ժխտել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ քննության ժամանակ ցուցմունքները տվել է ճնշման տակ։ Էուլջեկչյանի դեմ ամբողջ մեղադրանքը կառուցված է նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։






