AM
6 Հուլիս 2021 - 13:43 AMT

ԱՄՆ-ն ոջունել է գերիների վերադարձն ու ականապատման քարտեզների տրամադրումը

ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից հուլիսի 3-ին 15 հայ գերու ազատումն ու վերադարձը Հայաստան և հումանիտար ականազերծմանը նպաստող տեղեկություններն Ադրբեջանին փոխանցելու ՀՀ որոշումը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

«Այս գործողությունները հաջորդել են հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը և մարդասիրական ականազերծմանը նպաստելու նպատակով տեղեկություններ տրամադրելու Հայաստանի որոշմանը։ ԱՄՆ աջակցությամբ իրականացված այս քայլով, որին աջակցեց նաև Վրաստանը, հիմք դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցությանը։ ԱՄՆ-ն նաև բարձր է գնահատում տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը։

Միացյալ Նահանգները շարունակում են հորդորել վերադարձնել բոլոր գերիներին և փոխանակել հակամարտության շրջաններում արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Մենք պատրաստ ենք աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության համապարփակ ու կայուն քաղաքական կարգավորման շուրջ»,-ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերի, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: