AM
16 July 2021 - 06:55 AMT

ԱՀԿ ղեկավարը չի բացառել Covid-19-ի արտահոսքի հավանականությունն Ուհանի լաբորատորիայից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ շատ կարևոր է ստուգել, թե արդյոք Ուհանի լաբորատորիան առնչություն ունի պանդեմիայի սկսվելու հետ և կոչ է արել Չինաստանին բաց համագործացության։ Նա հավելել է, որ ամբողջական տեղեկատվությունը թույլ կտա բացառել այդ վարկածը, գրում է ՌԲԿ-ն` AP-ին հղումով։

Նա ասել է, որ դեռևս վաղաժամ է բացառել այն վարկածը, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է Covid-19 հիվանդությունը, առաջացել է չինական Ուհանի լաբորատորիայում և տարածվել է արտահոսքի պատճառով։

«Ես ինքս լաբորանտ եմ եղել, ես իմունոլոգ եմ, աշխատել եմ լաբորատորիայում և գիտեմ, որ միջադեպեր պատահում են։ Այդպես լինում է»,-ասել է ԱՀԿ ղեկավարը։

Հեբրեյեսուսն ընդգծել է, որ շատ կարևոր է ստուգել, թե ինչ է տեղի ունեցել՝ հասկանալու համար, արդյոք ինչ-որ կապ կա պանդեմիայի և լաբորատորիայի միջև։

2021-ի սկզբին ԱՀԿ հատուկ հանձնաժողովն այցելել է Ուհանի լաբորատորիա։ Արդեն փետրվարի սկզբին հրապարակվեցին նախնական արդյունքները՝ բացառելով վիրուսի ստեղծումը լաբորատորիայում։ Վերջնական զեկույցը հրապարակվեց մարտին, որտեղ նույնպես ասվում էր, որ լաբորատորիայում միջադեպի հետևանքով վիրուսի տարածման վարկածը «ծայրահեղ անհավանական է»։