AM
18 March 2009 - 13:51 AMT

Հայաստանի եւ Ադրբեջանի կանանց հավաքականները չեն հանդիպի ԱԱ նախընտրական փուլում

Նյոնում (Շվեյցարիա) կայացել է կանանց աշխարհի առաջնություն-2011 որակավորման ռաունդի վիճակահանությունը, որին մասնակցել է 41 թիմ: Հայաստանի հավաքականը ընկել է 7-րդ խումբ, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի եւ Սլովենիայի հավաքականները:

Նշենք, որ խմբերը կազմվել են 5 զամբյուղներում բաշխված թիմերից: Մի զամբյուղից երկու թիմեր չէին կարող ընկնել մեկ խմբի մեջ, բացի 5-րդ զամբյուղից, որին վիճակահանությունն ամեն դեպքում երկու թիմեր միասին էր դասավորելու: Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները հայտնվել էին 5-րդ զամբյուղում եւ քիչ էր հավանականությունը, որ այդ երկու հավաքականները կհայտնվեն միեւնույն խմբում: Բայց վիճակահանության արդյունքում Հայաստանն ընկավ 7-րդ, իսկ Ադրբեջանը` 8-րդ խումբ:

Թիմերը բաժանվեցին ութ խմբերի: Աշխարհի առաջնության նախընտրական ռաունդը տեղի կունենա 2009թ. սեպտեմբերի 19/20- 2010թ. օգտոստոսի 25: Խմբերի հաղթողները միմյանց միջեւ հանդիպումներ կունենան, որոնք տեղի կունենան 2010թ. սեպտեմբերի 11/12 եւ 15/16-ին: 4 լավագույն թիմերը դուրս կգան եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա Գերմանիայում: Փլեյ-օֆ-ից եւս մեկ թիմ կկարողանա դուրս գալ եզրափակիչ փուլ, բայց դրա համար նա պետք է հաղթանակ տանի ԿՈՆԿԱԿԱՖ-ի (Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան ծովի գոտու երկրների ֆուտբոլի Կոնֆեդերացիա) հանդեպ:

Հայաստանի կանանց հավաքականի հանդիպումների օրացույցը`
19.09.09 Հայաստան – Ֆինլանդիա
24.10.09 Հայաստան – Իտալիա
28.10.09 Հայաստան – Սլովենիա
21.11.09 Ֆինլանդիա – Հայաստան
25.11.09 Իտալիա – Հայաստան
27.03.10 Սլովենիա – Հայաստան
31.03.10 Պորտուգալիա – Հայաստան
25.08.10 Հայաստան – Պորտուգալիա