AM
6 Օգոստոս 2021 - 14:22 AMT

Զատուլին․ Նման պահին չսատարել հայ ժողովրդին` ՌԴ համար կնշանակի դավաճանել ինքն իրեն

Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության ամենածանր ժամանակները և նման պահին չսատարել հայ ժողովրդին, ՌԴ համար կնշանակի դավաճանել ինքն իրեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ ներկայացնելով օգոստոսի 4-5-ը ՀՀ կատարած այցը։

ՀՀ-ում Զատուլինը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Անցյալ տարվա պատերազմից հետո, որը չէր կարելի թույլ տալ, ես առաջին անգամ այցելել եմ Հայաստան: Կարևոր էր ոչ միայն կատարվածի մասին ավելի լիարժեք պատկերացում կազմել, այլ նաև զգալ հասարակ քաղաքացիների տրամադրությունը, որոնց հետ շփվել եմ հանրապետության մայրաքաղաքի փողոցներում և հրապարակներում: Երևանը, ինչպես միշտ հիասքանչ էր, իսկ հայ ժողովուրդը՝ հյուրընկալ: Բայց մենք Ռուսաստանում պետք է հասկանանք, որ անցած տարվա ողբերգության հետևանքները յուրաքանչյուրի սրտում են, և, որ երկրի և ժողովրդի ճակատագրի համար անհանգստությունը համատարած է: Չսատարել հայ ժողովրդին այսպիսի պահին, ՌԴ համար կնշանակի դավաճանել ինքն իրեն։ Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը և կառավարությունը, Պետդումայի անդամները, մեր զինվորականները և դիվանագետները դա լավ հասկանում են»,-ասել է Զատուլինը, գրում է նրա մամուլի ծառայությունը։

Պետդումայի պատգամավորի և ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավարի այցի արդյունքները զեկուցվելու են ՌԴ Պետդումայի ղեկավարությանը, ԱԳՆ-ին և բոլոր շահագրգիռ գերատեսչություններին։