Ասկերանի քաղաքապետարանին անհրաժեշտ են 5-6 և ավելի լիտրանոց դատարկ շշեր՝ Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Ասկերանի քաղաքապետարանը:
«Խնդրում ենք նշված շշերը ժամը 9-ից բերել քաղաքապետարան։ Սա լավ առիթ է ցույց տալու մեր սերը, հոգատատարությունն ու նվիրվածությունը մեր հայրենակիցների և սեփական հողի հանդեպ։ Հոգատար լինենք մեկս մյուսիս նկատմամբ և գործով ապացուցենք Արցախում ապրելու և արարելու մեր կամքն ու վճռականությունը», – ասված է քաղաքապետարանի էջում։
Վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են:Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները։






