Ադրբեջանցիները հեռացրել են Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակում տեղադրված գործերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը։
Արբանյակային լուսանկարները վկայում են, որ ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում պուրակից անհետացել է այնտեղ տեղադրված 51 քանդակ։
Կովկասյան ժառանգության պաշտպանությունը մտահոգություն է հայտնել քանդակների վիճակով, որոնք հանդիսանում են թանգարանի սեփականությունը։
Կազմակերպությունը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին տեղեկացնել, թե որտեղ են գտնվում անհետացած քանդակները:

Պուրակում տեղադրված էին ինչպես հայ, այնպես էլ այլ երկրների հեղինակների աշխատանքներ, այդ թվում Ռոբերտ Ասկարյանի, Վիգեն Ավետիսի, Մայա Ավագյանի, Լուկա Կալոյի, Վալտեր Չերնեկայի, Ջուզեպպե Ջովաննի Դել Դեբիոյի, Անտոնիո դի Տոմազոյի և այլոց։
Ավելի վաղ Caucasus Heritage Watch-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին վտանգված է, իսկ գյուղի մի մասն ադրբեջանցիները բուլդոզերով քանդել են։
Ադրբեջանն Արցախի օկուպացրած տարածքում մի քանի գերեզմանոց է քանդել, առնվազն մեկ եկեղեցի, հայկական ժառանգության տասնյակ նմուշներ և հուշարձաններ։