ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին էսկալացիան և հորդորում է Ադրբեջանին և ՀՀ-ին վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ Այդ մասին ասվում է «Արմենպրեսի» հարցմանն ԱՄՆ պետքարտուղարության պատասխանի մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ:
«Միացյալ Նահանգները հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման», – ասված է Պետդեպի պատասխանի մեջ:
Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ Վաշինգտոնի, ընդգծում է այն փաստը, որ միայն բոլոր չլուծված հարցերը կարգավորող համապարփակ կարգավորմամբ հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանում բնակվող մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։
Վերջին շրջանում հաճախակի են դարձել կրակոցներն ու միջադեպերը ՀՀ և Ադրբեջանի սահմանին։ Հայկական կողմը նաև զոհեր ունի։