Մոսկվան պատրաստ է հետագայում ևս նպաստել Անկարայի և Երևանի հարաբերությունների բարելավմանը և տեսնում է երկրների միջև դրական ազդակները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք արձանագրել ենք Երևանի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը՝ նկատի ունեմ արձանագրել ենք այն համատեքստում, որ տեսնում ենք դրանք և ի գիտություն ընդունում։ Մենք այժմ ևս պատրաստ ենք ամեն կերպ նպաստելու երկու հարևան երկրի մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Զախարովան հավելել է, որ երկու երկրի միջև հարաբերությունների հաստատումը կնպաստեր խաղաղությանը, տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը, հատկապես «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ֆոնին՝ 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությսունների իրականացման համատեքստում»։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նաև ակտիվ մասնակցություն է ունեցել այդ գործընթացին։
«Այսպես` մենք նպաստեցինք 2009-ին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմանը: Դրանք ենթադրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային բարելավում ՝ առանց նախապայմանների առաջադրման։ Ռուսաստանը ոչ միայն միջնորդի դեր է կատարել, այլև գործուն, արդյունավետ քայլեր է ձեռնարկել, որոնք դրական արդյունք են տվել: Ցավոք, հետագայում, ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված նախաձեռնությունները կողմերը չեն իրականացրել։ Բայց դա արդեն յուրաքանչյուր պետության կամքն էր»,- ասել է Զախարովան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ կառավարության նիստում հայտարարել էր, որ դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի կողմից և կգնահատի այդ ազդակները և դրական ազդակով կպատասխանի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս կողմից «հաշտվողական հայտարարությունների» ֆոնին։