Սեպտեմբերի 3-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալ և Արտաքին գործերի և զարգացման Ֆորին օֆիսի արարողակարգի ծառայության տնօրեն Վիկտորիա Բասբիին:
Շնորհավորելով դեսպանին ՄԹ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, Բասբին հաջողություն է մաղթել Ներսեսյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք եւ բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին, տեղեկացնում է ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարի մաղթանքների համար և շեշտել, որ ձգտելու է անել առավելագույնը՝ նոր մակարդակի հասցնելու ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ բնագավառներում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են այս տարվա նոյեմբերին Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության գագաթնաժողովին (COP26), որի համատեքստում դեսպան Ներսեսյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը իր կառուցողական ներդրումն ունենալու այդ գլոբալ խնդրին նվիրված կարևորագույն միջոցառման աշխատանքներին։
2021-ի հուլիսին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ԱՄՆ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել Վաշինգտոնից ու նշանակվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ 3 տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն):






