Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթ, որին ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանը, ասել է, որ եղել ու մնալու է Հայաստանի լավագույն բարեկամներից և շարունակելու է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման մեջ:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Լաքոթի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար:
«Շնորհակալ եմ Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում Ձեր արդյունավետ աշխատանքի համար»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Նախագահը երախտագիտական նամակ է փոխանցել դեսպան Ժոնաթան Լաքոթին՝ ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության գործում ունեցած նրա մեծ ավանդը:
Դեսպան Ժոնաթան Լաքոթն իր հերթին բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի ցուցաբերած վստահությունը իր՝ որպես դեսպանի, գործունեության հանդեպ:
Ավելի վաղ Ժոնաթան Լաքոթը հրաժեշտի հանդիպում էր ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում Ժոնաթան Լաքոթին կփոխարինի Անն Լույոն։






